Ծրագրի մեկնարկին նվիրված պաշտոնական միջացառման ընթացքում ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը նշեց, որ PReP-ը տարբեր ինստիտուտների և կազմակերպությունների՝ հանուն մեկ նպատակի համախմբվելու յուրահատուկ օրինակ է։
«Ես շատ ուրախ եմ, որ մենք մեր գործընկերների հետ կարողացանք Հայաստան բերել կլինիկական ռեզիդենտուրայի նոր մոդել, որը մեր երկրում երբևէ չէր կիրառվել», - շեշտեց Արման Ոսկերչյանը։
Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կարևորեց նոր պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը
«Շատ ոլորտներում մարդկային գործոնը հետզհետե նվազում է, սակայն առողջապահության ոլորտում ամենամեծ ռեսուրսը մարդիկ են, և եթե նրանք չունենան անհրաժեշտ գիտելիքներ, շատ բարդ կլինի ապահովել երեխաների առողջությունը», - նշեց փոխնախարարը։
Լոս-Անջելեսի Մանկական հիվանդանոցի ներկայացուցիչ, մանկաբույժ Էյալ Բեն-Այզեքն իր հերթին ռեզիդենտներին կոչ արեց առավելագույնը վերցնել մեկնարկող ծրագրից, քանի որ նրանց համար ստեղծվել են լավագույն պայմանները, և գործին ձեռնամուխ են եղել լավագույն մասնագետները։
Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրի տնօրեն Լորքի Լիբարիդյանը նշեց, որ Հայաստանի երեխաները բարձրագույն արժեք են և պետք է հնարավորություն ունենան ստանալու լավագույն բուժսպասարկումը Հայաստանում, ու հենց այդ գաղափարն է դրվել ծրագրի հիմքում։
«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, առանձնացրել լավագույն մոտեցումները ու խտացրել դրանք մեր ծրագրում», - ասաց ծրագրի տնօրենը։
ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց, ՀԵՆԱՐ-ի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար:
ՀԵՆԱՐ-ի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, և Արման Ոսկերչյանը։